Երասխում կրակոցներ են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանական կողմն այսօր թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները»,– ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

ԱԳՆ–ն ընդգծում է` այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը:

ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը:

Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։

 

Оставьте комментарий