ՌԴ ՄԻՊ-ի մարդասիրական օգնությունը տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում հավաքվել և Հայաստան է ուղարկվել 6 տոննա մարդասիրական օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների համար: Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Հայաստանում մարդասիրական բեռը ընդունել է Արա Աբրահամյանի հիմնած «Արշավիր և Պայծառ Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը:

Մարդասիրական օգնության շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվել են կենցաղային էլեկտրական սարքեր, ծալովի մահճակալներ, անկողնային և մանկական հիգիենայի պարագաներ, մեծահասակների և մանկական տաք հագուստ, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Կարիքավոր ընտանիքներին օգնության տրամադրումը կազմակերպվել է  Ռուսաստանի հայերի միության հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցչության և Մասիս խոշորացված համայնքի աշխատակիցների միջոցով:

Տեղում կարիքների գնահատման և օգնության տրամադրմանը մասնակցելու համար Հայաստանում էին գտնվում ՌԴ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները:

«Մենք շատ ուրախ ենք, որ ակցիան կայացավ… Հատուկ երախտագիտության խոսքեր եմ ցանկանում ասել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ ծանր իրավիճակում հայտնված մարդկանց նկատմամբ զգայուն և սրտացավ վերաբերմունքի համար»,- իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:

Հիշեցնենք, որ արցախցիներին ուղղված մարդասիրական օգնությունը հավաքվել էր Ռուսաստանի հայերի միության առաջարկությամբ, «Պլանետա», «Վերածնունդ և հույս» ռուսաստանյան հիմնադրամների ինչպես նաև Ռուսաստանի Ազգային ճակատի աջակցությամբ:

Vesti.am

Оставьте комментарий