Տեսախցիկը ֆիքսել է փլուզված թունելում արգելափակված 41 հնդիկ աշխատողներին, որոնք փլատակներում են գտնվում արդեն 9 օր

Տեսախցիկը ֆիքսել է 41 աշխատողներին, որոնք Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում թունելի փլուզումից հետո փլատակներում են գտնվում արդեն 9 օր։

BBC-ն հաղորդում է, որ տեսանյութն արվել է էնդոսկոպիկ տեսախցիկի օգնությամբ, որն արգելափակված աշխատողներին է փոխանցվել թունելի մեջ նոյեմբերի 20-ին անցկացված խողովակի միջոցով։

Փրկարարները նաև խողովակի միջոցով առաջին անգամ աշխատողներին տաք կերակուր են ուղարկել։ Մինչ այս նրանց թեթև ուտեստներ էին ուղարկվում ավելի վաղ անցկացված նեղ խողովակով։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Ուտարկաշիի շրջանում։ Փլուզումից հետո արգելափակված տղամարդկանց հետ կապ է հաստատվել։ Այդ օրվանից աշխատողներին ապահովում են թթվածնով, սննդով և ջրով, մինչև հնարավոր կլինի դուրս բերել նրանց փլուզված թունելից։

Նոյեմբերի 20-ը փրկարարական աշխատանքնեի համար բեկումնային էր, քանի որ փրկարարներին հաջողվել է փլատակների միջով 15 սմ տրամագծով խողովակ հրել թունելի ներս։ Լայն խողովակը հնարավորություն կտա ավելի շատ թթվածին մատակարարել արգելափակված աշխատողներին, ինչպես նաև բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ։

Փրկարարական գործողությունը մի շարք խոչընդոտների և ձգձգումների է բախվել փափուկ հողի և թափվող բեկորների պատճառով։ Փրկարարները ծրագրում են 900 մմ-անոց խողովակ անցկացնել, որպեսզի արգելափակված աշխատողները կարողանան դրա միջով սողալով դուրս գալ թունելից։

Оставьте комментарий