Պատրուշևն ասել է՝ որ դեպքում է միայն հնարավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, կայունության զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա։

Այդ նպատակով, ըստ Պատրուշևի, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա:

Оставьте комментарий