Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսի անցակետով անցումը կդժվարանա. ՌԴ ԴՄԾ

«Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։

Մասնավորապես, նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։

Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։

Այս պատճառով Հյուսիսային Կովկասի Մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։

Նշենք, որ մայիսի վերջից հայկական բեռների սպասարկման համար գործում է կոնտեյներային նավ (չշփոթել լաստանավի հետ) Բաթումի-Նովոռոսիյսկ գծով: Այն թույլ է տալիս բեռները տեղափոխել Վերին Լարսը (Հայաստանից Ռուսաստան միակ ցամաքային երթուղին) շրջանցելով։

Մայիսին ՌԴ տրանսպորտի նախարարությունը նույնպես ավարտել է «Վերին Լարս» անցակետի վերակառուցման աշխատանքները. այնտեղ ճանապարհային գոտիների թիվը 25-ից հասցվել է 39-ի, ինչը զգալիորեն արագացրել է անցումը:

Оставьте комментарий