Արցախցի Արման Ավանեսյանը կմասնակցի Երևանում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը

Մարտական ամբոյի Եվրոպայի 2023 թվականի չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը նախապատրաստվում է նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Արցախից բռնի տեղահանությունից հետո Արմանը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ Հայաստանում է։ Armsport.am-ին տված հարցազրույցում, ասել է՝ թեև սկզբնական շրջանում մարզավիճակի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այս ընթացքում հասցրել է հնարավորինս լավ նախապատրաստվել։
«Աշխատել եմ բացթողումներիս վրա, ուսումնամարզական հավաքն էլ բավականին արդյունավետ է անցնում։ Կարծում եմ՝ բավականին լավ ենք պատրաստ աշխարհի առաջնությանը։ Սպասելիքները մեծ են։ Մեզնից կախված ամեն ինչ առավելագույնս կանենք։ Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Արման Ավանեսյանը։
Թե ինչ հոգեվիճակում է տեղափոխվել Հայաստան՝ Արմանը նախընտրում է լռել, թեև խոստովանում է՝ իրավիճակը շատ ցավալի ու ծանր է իր համար։ Եվրոպայի գործող չեմպիոնի խոսքով՝ այն, որ մեր երկրում նմանօրինակ մեծ մասշտաբի մրցման է մասնակցելու, շատ պատասխանատու է․
«Շատ լուրջ ենք տրամադրված ու մեծ պատասխանատվությամբ։ Այն, որ Երևանում է անցկացվելու մրցաշարը, իր դրական ու բացասական կողմերն ունի։ Մեզնից է կախված, թե որքանով կկարողանանք այդ լարվածությունն ու պատասխանատվությունը ճիշտ օգտագործել։ Պետք է փորձենք տան պատերը հօգուտ մեզ օգտագործել։ Մեր երկրպագուների աջակցությունն, անկասկած, դրականորեն կազդի ու կօգնի մեզ այդ հարցում»,- ասել է Արման Ավանեսյանը։
Նախորդ տարի հայ մարզիկը Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ այս տարի արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։ Արմանը հույս է հայտնել՝ Եվորպայի վերջին առաջնությունում բավականին լուրջ մրցակիցների արգելքները հաղթահարելուց և չեմպիոնությունը նվաճելուց հետո՝ աշխարհի առաջնությանը ևս հաջող մասնակցություն կունենա։

Оставьте комментарий