Հա՛մ իրենք ոչինչ չեն անում, հա՛մ էլ մյուսներին խանգարում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, բնակչության ֆիզիկական անվտանգության պաշտպանությունը պետության անվիճարկելի առաջնահերթությունն ու պարտականությունն է: Այդպես պետք է լինի: Մեր մեջ ասած՝ պետության կազմավորումն առաջնահերթ հենց այդ խնդիրները լուծելու համար է: Պետության քաղաքացիները (առանձին դեպքերում՝ հպատակները) առաջին հերթին հենց դրա համար են հարկեր և տուրքեր վճարում, որպեսզի գոյացած միջոցներով օրվա իշխանությունը կարողանա լուծել վերոնշյալ խնդիրները: Հիմա, ու սա արդեն ամենևին գաղտնիք չէ, այլ փաստացի իրականություն, ստացվել է այնպես, որ տարբեր անձանց նախաձեռնություններով ու հասարակական կարգով ձևավորվել են մասնավոր խմբեր, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում լծվել են ինքնապաշտպանական խնդիրների լուծմանը, որոշակի թվով մարդկանց ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարրական կանոնները սովորեցնելուն, սահմանների կահավորմանը: Նման նախաձեռնություններից է, օրինակ՝ «Ողջ մնալու արվեստը» կենտրոնը, չնայած միայն իրենք չեն այդ «գծի վրա»:

Դա, մեծ հաշվով, պետական կառույցների անգործության կամ անուշադրության պայմաններում գոյացած վակուումը ինչ-որ կերպ «լցնելուն» նպատակաուղղված բնական դրսևորում է: Այլ կերպ դա կոչվում է հանրության ակտիվ շերտի ինքնակազմակերպում, ինչը, ի դեպ, բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Պետք է նկատել, որ նման նախաձեռնությունները ցանկացած պարագայում ողջունելի են: Դե, գոնե տրամաբանությունը հուշում է, որ պետք է ողջունելի համարվի: Բայց ինչն է հետաքրքիր. հատկապես մերձիշխանական կամ այդպիսին ընկալվող շրջանակներից որոշակի հակաքարոզչություն է իրականացվում այսօրինակ նախաձեռնությունների դեմ: Չնայած, այս դեպքում «հակաքարոզչությունը» մի փոքր մեղմ ձևակերպում է, քանի որ այն, ինչ դրսևորվում է, ավելի շուտ ու ավելի շատ ուղղորդված արշավ է հիշեցնում: Հետաքրքիր է, այդ ի՞նչ են անում նման նախաձեռնությունները, որ հայտնվել են նման հակաքարոզչության թիրախում:

Որքան հայտնի է, նման նախաձեռնությունների նպատակներից առաջինը այն է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական պատկերացումների ու կանոնների տիրապետի: Դա, հասկանալի է, հնարավոր է նախաձեռնություններով հետաքրքրված մարդկանց խմբերի պարապմունքներով, դասընթացներով: Վա՞տ է… Բացի այդ, մասնավոր նախաձեռնությունները նպատակ են հետապնդում, այսպես ասած, «պաշտպանության երկրորդ գիծն» ապահովել, ամրապնդել: Հայտնի է, որ օրինակ՝ «Գմբեթ» անվանումը կրող ծրագրերով նպատակ կա կառուցել-կահավորել (նախապատրաստել) առնվազն 500 կրակային հենակետ՝ առավել բարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ հնարավորության դեպքում՝ դրանց թիվը հասցնել 4700-ի՝ սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում: Վա՞տ է…

Մարդիկ, մեծ հաշվով, ցանկանում են անել և անում են բաներ, որոնք, ևս մեկ անգամ ընդգծենք, առաջնահերթ հենց պետական մարմինները պետք է անեին: Եթե կուզեք իմանալ, պետությունն արդեն պետք է ինքնապաշտպանական բազմաթիվ ջոկատներ կազմավորած լիներ բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Այնպես, որ յուրաքանչյուր բնակիչ առաջին իսկ կրակոցների դեպքում իմանար, թե ինքն ուր է գնում, ինչ պետք է անի: Ըստ որում, պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել: Առնվազն 3 տարի ի՞նչ է արվել կամ՝ դրա նման ինչ-որ բան արվե՞լ է: Նկատի ունենք համապետական ընդգրկմամբ: Ոչինչ: Երևի միայն բարձրահարկ շենքերի նկուղներն են քիչ թե շատ մաքրվել, ու… վերջ: Համարել են, որ դրանով «ապաստարանների» հարցերը լուծվեցին: Հա, մեկ էլ «օդային տագնապի» մասին ինչ-որ թռուցիկներ են փակցրել շենքային հայտարարությունների վահանակներին ու՝ վերջ: Լավ, ինչ արել կամ չեն արել: Դրա մասին չէ խոսքը:

Հիմա առանձին մարդիկ, անհատներ, մարդկանց խմբեր նախաձեռնություն են ցուցաբերել և ինչ-որ բան են անում: Որևէ իշխանություն պետք է գոնե գոհ ու շնորհակալ լինի, որ հայտնվել են մարդիկ, որոնք իր գործի, իր բեռի մի որոշակի մասը վերցրել են իրենց ուսերին: Թվում է՝ պետք է ակտիվորեն համագործակցեն, ջանքերը համատեղեն, եթե պետք է՝ միասնական համակարգում իրականացնեն: Բայց չէ, երևի մեր իրականության մեջ նորից գործում է «ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» մոտեցումը: Լավ, չեք ուզո՞ւմ օգնել, համագործակցել, նպաստել, մի՛ օգնեք: Բայց եթե չեք օգնում, գոնե մի՛ խանգարեք: Վերջին հաշվով, պարոնայք իշխանավորներ, այդ ձե՛ր գործունեությունը, իսկ որ ավելի ստույգ է՝ անգործությունն է առաջին հերթին բերել նման նախաձեռնությունների գոյության անհրաժեշտությանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий