ԱՄՆ Արևմտյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների 3-րդ ժողովը

ԱՄՆ Արևմտյան թեմում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ ու նախագահությամբ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հոգևորականների 3-րդ ժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանից, ժողովին ներկա էին 36 հոգևորական և առաջնորդարանի ողջ աշխատակազմը։

Ավանդական աղոթքից հետո, բարեգալստյան և օրհնության իր խոսքում, առաջնորդ, Սրբազան հայրը նշել է, որ դժվար և փորձություններով լեցուն ժամանակաշրջան է ապրում հայ ժողովուրդը, ուստի անհրաժեշտ է մշտարթուն հավատքով, բարի գործերով և ներշնչող պատգամներով ոչ միայն հայ համայնք պահել, այլև մշտապես հայացքն ուղղել դեպի Հայաստան Սուրբ Էջմիածին:

«Ներքին անմիաբանությունը և՛ եկեղեցում, և՛ հայրենի երկրում իրոք քայքայում է մեր խաղաղ կյանքի ընթացքն ու բարգավաճումը: Այս և տակավին բազում այլ փորձությունները դիմանալու համար խիստ անհրաժեշտ է աղոթքի կյանքը, համբերատար քայլերը, որպեսզի միասնաբար դառնանք լույսի և հույսի փարոսը մեր ժողովուրդի կյանքին մեջ»,- ասել է Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Խոսքի ավարտին Հովնան սրբազանը մաղթել է, որ աղոթահավաքի մասնակիցները հոգով նորոգված ու եռանդով գոտեպնդված վերադառնան իրենց ծխական համայնքները։

Оставьте комментарий