Ատեստավորման հետևանքով պայմանագրայինները հեռանո՞ւմ են զինված ուժերից․ ՊՆ պարզաբանումը

«Հրապարակի» խմբագրություն ՀՀ Զինված Ուժերի սպա էր դիմել՝ ահազանգով, որ ատեստավորման հետևանքով բազմաթիվ պայմանագրայիններ զրկվում են աշխատանքից, քանի որ միայն ատեստավորում անցնող պայմանագրայինների աշխատավարձն են բարձրացնում, իսկ 170 հազար ՀՀ դրամի համար կյանքը զոհել քչերն են պատրաստ։ Մեզ ահազանգել էին նաև, որ մարտական հերթափոխը շատ ուշ է լինում, երբեմն պայմանագրայինները ստիպված են լինում մեկ ամիս կամ մեկ ու կես ամիս մնալ դիրքերում, որովհետև համապատասխան քանակով զինծառայողներ չկան՝ նրանց փոխարինելու համար։ Տեղեկություններ էին հաղորդել նաև այն մասին, որ որոշ ստորաբաժանումներում հաստիքացուցակը 50 տոկոսից պակաս է զբաղեցված, ինչն էլ պատճառ է դառնում նաև հերթափոխի ուշացմանը։

«Հրապարակը» հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ բարձրացված ահազանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ ՊՆ-ից սակայն պնդում են, որ մարտական հերթափոխը կատարվում է ըստ հաստատված գրաֆիկի։ Ինչ վերաբերվում է որոշ ստորաբաժանումներում հաստիքների 50 տոկոսից պակաս լինելուն, ապա ՀՀ զինված ուժերում 50 տոկոսից ցածր հաստիքային համալրվածությամբ ստորաբաժանումներ չկան։

Ատեստավորման մասով էլ ՊՆ-ն հայտնում է․« Պայմանագրային զինծառայողներից ատեստավորում անցնելու նպատակով դիմորդների թվաքանակը ընթացքում աճում է։ Ատեստավորվել են դիմորդների մոտ 52 տոկոսը, որոնցից մոտ 50 տոկոսը ստացել են դրական գնահատական։

Ատեստավորումը չանցնելու պարագայում կրկնակի ատեստավորելու կարգը և ատեստավորումը չանցնելու դեպքում առաջացող իրավական հետևանքը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 47-րդ հոդվածի 7-րդ մասով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162- Ն որոշմամբ սահմանված կարգի 43-րդ կետով»։

Պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ, ինչպես նաև զինծառայողների դրամական ապահովությունը սահմանվում է ամսական օրացույցային օրերի հաշվարկով և բաղկացած է զինվորական կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման դրույքաչափերից, օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից, հավելավճարներից և լրավճարներից, որոնք կանոնակարգվում են ՀՀ Կառավարության որոշումներով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ հետևաբար յուրաքանչյուր զինծառայողի դրամական ապահովման չափը տարբեր է, ինչի պատճառով ատեստավորված զիծառայողին հատկացվող ընդհանուր գումարի չափը հնարավոր չէ տրամադրել։

Оставьте комментарий