Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել

Արկադի Բարսեղյանը, ով մեղադրվում է Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով, օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը․

«Պահանջն է բազմակողմանի օբյեկտիվ քննություն, ինչը ներկայիս քննչական մարմինը չի իրականացնում։

Պահանջ  է ներկայացվում, որ այլ ստորաբաժանման հանձնենք գործի քննությունը կամ Ազգային Անվտանգությանը կամ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչականին»,-նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով` գործը դեռևս ընթացքի մեջ է։ Նա ասաց, որ տասը ամիս է՝ քննություն են կատարում, բայց ոչ մի ապացույց այդ մարդու վերաբերյալ չկա գործի մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։

Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Оставьте комментарий