Նոր հաղորդագրություն Ջերմուկից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 28-ից 29-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատվիրակություններն այցելել են Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայր, որտեղ «ՀԱՓԿ» ականազերծողները մայիսից իրականացնում են մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։

Կենտրոնից հայտնում են, որ ճանաչողական այցին ներկա են եղել ՀՀ ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի ներկայացուցիչները՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ, ՀՀ ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ ղեկավար Նաննա Սկաուն։

ՉԺՀ և ՄԱԿ-ի ՊՀԾ պատվիրակություններն ներկա են գտնվել դաշտային աշխատանքներին, ծանոթացել ուսումնաբազային, տեսաներկայացումների միջոցով ծանոթացել հակաականային ոլորտում իրականցվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել է «ՀԱՓԿ»-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շրջանակներում իրականցվող «նանասիստեմ» հայկական ծրագիրը։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ՉԺՀ միջև համագործակցության հաստատումը։

— Մենք հակաականային ոլորտում համագործակցում ենք Ժնևի, Իրանի, Իրաքի, Լիբանանի և այլ երկրների հետ, իսկ Չինաստանի հետ այսօր արդեն համագործակցության հաստատման առաջին քայլերը շատ ենք կարևորում։ Հայ-չինական հարաբերությունները սերտ են, չինացի ժողովուրդը մշտապես ջերմ է վերաբերվել Հայաստանին։ Մենք վստահ ենք՝ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ և ՉԺՀ միջև նույնպես հիմք կստեղծվի համագործակցության համար։ Հակաականային գործունեությունը միայն դաշտեր մաքրելը, պայթուցիկ զինմաթերքի վտանգի մասին իրազեկելը և տուժածներին աջակցությունը չէ, սա նաև գործունեություն է ուղղված մաքրված տարածքների հետագա նպատակային շահագործմանը նպաստելուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը։  Այդ իսկ պատճառով մենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ սկսել ենք աշխարհում դեռևս չկիրառված աննախադեպ հայկական ծրագրի իրականացումը՝ «նանասիստեմ»-ը, որի հիմքում ընկած է «Կանաչ պիտակ» գաղափարը։ Տարածքների մաքրման առաջնահերթությունը որոշելուց և մաքրելուց հետո մենք հետևողական ենք լինելու, թե մաքրումից հետո ինչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվելու և ինչպես են շահագործվելու «Կանաչ գոտի» պիտակավորմամբ տարածքները։ «Կանաչ պիտակ»-ն առաջինը կհանձնվի Ջերմուկ համայնքին, որտեղ մաքրման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, — ասել է Վաղինակ Սարգսյանը։

ՀՀ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը նշել է․ «Մեր և «Հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոն»-ի միջև համագործակցությունն սկսվել էր արդեն անցած տարեսկզբից։ Մենք այս ոլորտում կփորձենք գտնել համագործակցության ավելի շատ եզրեր, քանի որ այս ոլորտի համագործակցությունը կարող է երաշխավորել տարածքի խաղաղությունն ու ապահովությունը։ Ականազերծումը դա միջազգային խաղաղությունը և համամարդկային ապահովությունը պահելու ամենակարևոր առաքելություններից մեկն է։ Դա կարող է արագանցել և նոր կյանք հաղորդել համայնքի սոցիալական և տնտեսական կյանքին։ Դրա համար էլ մենք կարող ենք շատ բան սովորել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատանքից ու փորձից»։

Ճանաչողական այցի ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Նաննա Սկաուն տեսաներկայացման միջոցով ներկայացրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը՝ «նանասիստեմ» հայկական համակարգի գաղափարը։

— Անցած տարի տեղի ունեցած հրետակոծության և ռմբակոծության արդյունքում տարածքը անհասանելի է համայնքի համար։ Աղտոտվածությունն ազդում է բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Մենք, աշխատելով «ՀԱՓԿ»-ի հետ, այս տարածքները սահմանել ենք որպես առաջնահերթություն, որի մեջ դերակատարում է ունեցել նաև համայնքը։ Եվ, այսպիսով, «ՀԱՓԿ»-ն այժմ մաքրում է այս տարածքները։ Երբ դրանք հանձվեն շահագործման, «ՀԱՓԿ»-ի և համայնքի հետ մենք արդեն պլաններ ունենք, թե որն է լիննելու մեր հաջորդ քայլը։ Երբ այս տարածքները կրկին հասանելի դառնան համայնքի համար, բնակիչները կկարողանան օգտագործել այն, հավաքել պտուղները և վաճառել դրանք։ Եվ կրկին շահագործման կհանձնվի ճոպանուղին, որը տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար։ Ահա ինչու են «ՀԱՓԿ»-ն ու ՊՀԾ-ն աշխատում միասին ընդդեմ ականների,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Նաննա Սկաուն։

Оставьте комментарий