Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը փաստաթուղթ կստորագրվի. ՌԴ ԱԳՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։ «Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսապահովման պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Հուլիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը ՌԴ ԱԳՆ-ն որակել է որպես «ոչ կոռեկտ» և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում «Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն ու տառին»:

Միևնույն ժամանակ, ըստ Դաշնության արտաքին գերատեսչության, դա չի չեղարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համալիր առաջմղման խնդիրը, օրակարգում դրված բոլոր հարցերը, «ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու հարցը»:

Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը՝ նշված փաստաթղթի ստորագրման նպատակով:

«Հանդիպումն անցել է փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը:

Оставьте комментарий