Երևանում նոր կառուցվող շենքի տարածքում տղամարդը բարձրությունից վայր է ընկել և մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաներին և քննիչներին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոց 66/5 հասցեում կառուցվող էլիտար շենքի տարածքից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարձրությունից վայր է ընկել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оставьте комментарий