Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես արդեն հայտնի է, այսօր՝ մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում և Հայաստանում. Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3 բալ և Կոտայքի մարզում՝ 2 բալ ուժգնությամբ:

Մի քանի ժամ անց 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Ադրբեջանում: Ուժգին երկրաշարժերից հետո դեռ ուշքի չեն գալիս Թուրքիայում և Սիրիայում:

«Հայկական ժամանակ»-ը հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերը և պարբերաբար շարունակվող ցնցումները, զրուցել է ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի հետ, պարզելու համար թե արդյո՞ք Հայաստանում չկան երկրաշարժի վտանգներ, և մայրաքաղաք Երևանը որքանո՞վ է պատրաստ ուժգին երկրաշարժի:

Խոսելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին՝ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ այդ երկրաշարժերը հարում են արևալաանատոլիական ակտիվ երկրաշարժածին բեկվածքին, որը շրջանցում է ՀՀ տարածքը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությանը անմիջական վտանգ չի սպառնում:

Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը՝ ո՞րն է ամենավտանգավոր գոտին, վերջինս պատասխանում է՝ այդ քարտեզում ներառված Է երեք գոտի, որից համեմատաբար ամենավտանգավորը երրորդ գոտին է:

«Այն անցնում է Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի երկայնքով՝ ընդգրկելով մասնավորապես Վանաձոր, Սպիտակ քաղաքները և մոտենալով ժելտարեչենսկ-Սարիղամիշ ակտիվ խզվածքին՝ հյուսիս-արևմտյան հատվածում: Վտանգավոր են նաև մի շարք այլ բնակավայրեր, որոնք հարում են այդ խզվածքին: Պակաս վտանգավոր է Երևան քաղաքը, որովհետև այն գտնվում է երկրորդ գոտում: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր կառուցապատողները պարտավոր են կառուցել 9 բալ սեյսմակայուն շենք-շինություններ, նույնը՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում: Պահանջները մաքսիմալ խիստ են»,- շեշտում է մասնագետը:

Պետրոսյանը նկատում է, որ, ցավոք, այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը:

«Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա:

Սեյսմոլոգը օրինակներ է բերում. «Նույնիսկ շենք կա՝ երեք մուտքանի, որ առաջին և երկրորդ մուտքերը երրորդ կարգի վթարային են, իսկ երրորդ մուտքը՝ չորրորդ: Վեցմուտքանի շենքեր կան, որ երրորդ-չորրորդ մուտքերը 4-րդ կարգի վթարային են, մյուսները՝ ոչ, որովհետև շենքը անհավասար է նստում: Շենքի ֆունդամենտում եղած գրունտը մի դեպքում բազալտից ամուր գրունտ է, մյուս դեպքում սպիտակ կավահողեր են, որոնք հեշտությամբ լվացվում են, և դրա համար շենքերն անհավասար են նստում: Բայց բոլոր շենքերի դեպքում նույնն ասելը ոչ մասնագիտական մոտեցում է: Դրա համար պետք է յուրաքանչյուր շենք առանձին ուսումնասիրվի, անհատական մոտեցում լինի»:

Оставьте комментарий